Դեկտեմբերի 9-ին Հայաստանի խորհրդարանում անպայման կայանալու է ԼՂՀ անկախությունը ճանաչելու քվեարկությունը, այն այլեւս չի հետազձվելու: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց այդ օրինագծի նախաձեռնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մինչ այդ հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը իր ներսում կհասունացնի օրինագծին կողմ քվեարկելու վճիռը եւ մենք միահամուռ որոշում կկայացնենք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը, ընդգծելով, որ եթե իշխող քաղաքական ուժերը կցանկանան դեկտեմբերի 9-ից ավելի շուտ այդ որոշումը կայացնել, իրենց դեմ չեն լինի:

«Դեկտեմբերի 9-ը ոչ թե վերջնաժամկետ է, այլ ինչ-որ առումով սկիզբ նոր մարտահրավերների»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների այն պնդմանը, թե իրենք կողմ են ԼՂՀ ժանաչմանը, սակայն հիմա նման քայլ անելը ժամանակավրեպ է, «Ժառանգության» ղեկավարն ասաց. «ԼՂՀ-ն ճանաչելու ժամանակավրեպության մասին խոսելն է ժամանակավրեպ: Ճանաչումը չպետք է լինի վերջին հուսահատ փամփուշտը, այլ` իրավական որոշում, որը հիմք պետք է դառնա հետագա մեր քայլերի»: