Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, որ կազմակերպվել է Հայ Դատի եվրոպական գրասենյակի կողմից, շատ կարեւոր է այն իմաստով, որ առայսօր Եվրախորհրդարանը զերծ էր մնում պատվիրակություններ ուղարկել ԼՂՀ: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Եվրախորհրդարանի պատգամավորները ԼՂՀ-ում կարեւոր հանդիպումներ են անցկացրել հանրապետության ղեկավարության հետ, բայց ոչ պակաս կարեւոր էին նրանց հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Այդ հանդիպումներին եվրապատգամավորներին պատմել են, որ հայերը վերաբնակվել են Ադրբեջանում իրենց պատմական հողերից՝ Արցախից, Ուտիքից, մինչեւ Քուռ ընկած տարածքներից, որոնք մտնում էին պատմական Հայաստանի կազմի մեջ: Սակայն Բաքվում, Սումգայիթում եւ ադրբեջանական այլ  քաղաքներում ջարդերից հետո ստիպված են եղել լքել Ադրբեջանը»,- ասել է Հովհաննիսյանը եւ հավելել, որ ՀՅԴ-ն նման հանդիպումներով ցանկանում է հայ փախաստականներին ընդգրկել մարդասիրական ծրագրերում: