Beeline-ը հայտարարում է բարձր դասարանի աշակերտների եւ ուսանողների համար Generation Z ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ընկերությունը կառաջարկի մասնակիցներին 4 ժամյա աշխատանքային օր, աշխատավարձ եւ եզակի հնարավորություն աշխատելու Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկում:
Ծրագրի առաջին փուլում Beeline-ը հրավիրել է Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների ռեկտորներին եւ տնօրեններին ծրագրի մանրամասները քննարկելու համար: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները կտրամադրեն լավագույն աշակերտների եւ ուսանողների ցանկը, որից հետո բիզնես խաղ մրցույթի հիման վրա կընտրվեն ծրագրի հաղթող-մասնակիցները, ովքեր տիրապետում են անհրաժեշտ հմտությունների:
Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն հանրապետության հինգ դպրոցների եւ հինգ ԲՈՒՀ-երի սաներ:
«Generation Z ծրագիրը համահունչ է «Թող քո հետքը» մեր գլոբալ ռազմավարությանը, որի շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ծրագրի ապագա մասնակիցները գործնական միջավայրում կծանոթանան բիզնեսի աշխատանքային մոտեցումներին ու սկզբունքներին, որը թույլ կտա կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ինչպես նաեւ հնարավորություն աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որպես նորարար ընկերություն մեզ համար սա հիանալի առիթ է մեր աշխատակիցների շարքերը համալրելու նպատակասլաց եւ տաղանդավոր երիտասարդներով: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը եւ կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այսօր աշխատանքի շուկայում պայքար է մղվում տաղանդների համար: Յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է, որ իր մոտ աշխատեն վառ, նորարար եւ նպատակասլաց երիտասարդ աշխատակիցներ: Սակայն հատկանշական է, որ ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ աշխատել աճող սերնդի հետ, ովքեր տարբերվում են իրենց վարքագծով եւ առաջնահերթություններով: Մեր նպատակն է ներգրավել նոր Z սերնդի ներկայացուցիչներին՝ մեր ապագա հաճախորդներին եւ աշխատակիցներին, եւ միասին մշակել ապագայի արտադրանքը եւ ծառայությունները, որից կօգտվեն նրանք եւ նրանց երեխաները: Սա փոխշահավետ ծրագիր է, քանի որ մեր ընկերության եւ ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը կօգնի երիտասադներին ծանոթանալ բիզնեսի հիմունքներին եւ նպատակներին, հասկանալ թե ինչ հմտություններ են պետք զարգացնել, որպեսզի նրանք դառնան մրցունակ շուկայում: Հուսամ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կանգնեցնել երիտասարդների արտահոսքը՝ տրամադրելով նրանց աշխատանք մեր երկրում», - նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:
Նշենք, որ Generation Z ծրագիրը կմեկնարկի է 2017թ-ի սկզբին:




























