Ոսկու գինն աշխարհում կշարունակի աճել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է որոշակի անվստահություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին NEWS.am-ի թղթակից հարցին ի պատասխան ասաց «ԳեոՊրոՄայնինգ» խմբի նախագահ Ռոման Խուդոլին: «Ոսկու գնի վրա, ըստ նրա, ազդում են երկու հիմնական գործոններ։ Առաջինը դա տնտեսությունների անկայունությունն է, որը շուկային դրդում է անցնել ավելի հուսալի գործիքների, իսկ ոսկին հնուց համարվում է միջոցների պահպանման ամենահուսալի միջոցներից մեկը։ Երկրորդ գործոնը աճող պահանջարկն է»,- ասաց նա: Խուդոլիի խոսքով՝ մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է, բարձրանում է նաեւ ընդհանուր կենսամակարդակը։ Իսկ դա ոսկեղենի նկատմամբ հավելյալ պահանջարկ է ստեղծում։
Նշենք, որ Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայում ոսկու գինը այսօր կազմել է 1336 դոլար ունցիայի համար։




























