Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հայ-կանադական հարաբերությունների խորացման գործում կարեւորել պատվիրակության այցը մեր երկիր:

«Մենք բարձր ենք գնահատում հայ-կանադական հարաբերություններում ձեւավորված մակարդակը եւ խորապես շահագրգռված ենք այդ հարաբերությունների զարգացմամբ ու համագործակցությամբ: Համաշխարհային տնտեսության մեջ Կանադայի ձեռբքերումներն զգալի են, եւ Հայաստանը տարբեր ոլորտներում Ձեր երկրի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Մոնրեալի բոլոր ժամանակների իշխանություններին` այնտեղ բնակություն հաստատած հայության նկատմամբ ցուցաբերած հոգատարության եւ ուշադրության համար:

Մոնրեալի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը ինչպես Երեւանի ու Մոնրեալի, այնպես էլ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով կանադահայերի հետ միասին այսուհետ եւս ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում hամագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Երկուստեք կարեւորվել է նաեւ 2011թ. Երեւանում Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովի անցկացումը: