Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկացուցիչները դեկտեմբերի 13-ին կրկին այցելել են Ադրբեջանի երկու բանտարկված քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, պարբերաբար կայցելի այդ բանտարկյալներին, որպեսզի հետեւի նրանց կալանքի պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին եւ որպեսզի հնարավորություն տա կապ պահպանել հարազատների հետ»,- նշել է Էթերի Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: