Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել Երեւան ժամանած «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլեւիչի եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքին ԱԱԾ հրավիրելու հետ կապված: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքի կողմից հոկտեմբերի 11-ից տարբեր, այդ թվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, հայտարարություններ էին տարածվում, որ իրենք ոտքով անօրինական հատել են ՀՀ պետական սահմանը` նպատակ ունենալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին:

ՀՀ ԱԱԾ եւ Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում օտարերկրացիների հայտարարությունները` հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ, չեն հաստատվել:

Հոկտեմբերի 28-ին Թունա Բեքլեւիչը եւ Բայբարս Օրսեքը օրինական ճանապարհով, Բագրատաշենի անցակետով, ժամանել են Հայաստան եւ հաջորդ օրը, «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, Բեքլեւիչը վերահաստատել է, որ իրենք հոկտեմբերի 11-ին ոտքով հատել են հայ-թուրքական սահմանը:

Վերոնշված հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար հոկտեմբերի 29-ին Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեքը հրավիրվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, ուր հայ- թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկայացնել:

Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեքը նախազգուշացվել են, որ նման վարքագիծը եւ անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են եւ նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը»: