Մենք մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ Իրանի հետ հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք հայ ժողովրդի կողմից սպասված եւ ցանկալի հյուր եք, եւ մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի եւ շունչ կհաղորդի մեր համագործակցությանը: Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, եւ հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձեւավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար:
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ մեր հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգեւոր առաջնորդին: Բարով եք եկել Հայաստան»,-ասել է ՀՀ Նախագահը:
«Մեծարգո՛ նախագահ, անչափ շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ այսօր այցելել եմ Հայաստանի Հանրապետություն՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն եւ Երեւան մայրաքաղաք: Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր եւ ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միեւնույն մշակույթին եւ քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ եւ բարեկամական»,-նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Նախագահ Հասան Ռոհանին:


































