Դուք՝ բիզնեսի ներկայացուցիչները, ձեւակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, ես պարտավորվում եմ՝ մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը եւ պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկային ու մաքսային վարչարարությանը, տրանսպորտային փոխադրումների ուղիների դիվերսիֆիկացմանը եւ այլն: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են այդ խնդիրների լուծման տարբերակները, արծարծվել են նաեւ օտարերկրյա ներդրումային ձեռնարկությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցադրումներին, հորդորել է օտարերկրյա ներդրողներին հնչեցված առաջարկությունները գրավոր ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ՝ հանձնարարելով պատասխանատուներին համատեղ քննարկել եւ հետեւողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում: «Եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի այն ամենի շուրջ, ինչ որ խոսում ենք, ես պարտավորվում եմ՝ մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք: Բայց դուք՝ բիզնեսի ներկայացուցիչները, ձեւակերպեք՝ իմ անելիքն ինչն է, ձեր անելիքն ինչն է, որպեսզի քայլ առ քայլ գնանք: Ես սպասում եմ ձեր առաջարկին», - եզրափակել է վարչապետը:





























