Հայաստանի եւ Իրանի համագործակցության ներուժը շատ մեծ է։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Նրա խոսքով՝ այդ ներուժի մի մասն օգտագործվում է, հատկապես էներգետիկայի ոլորտում լավ համագործակցություն կա։ Էներգետիկ նախագծերի կոնտեքստում նա նշել է Թուրքմենիայի հետ գազի փոխանակման ծրագրի շրջանակում գրանցած համաձայնագրի կարեւորությունը։
Իրանի նախագահն առանձնապես նշել է տրանսպորտային միջանցքի կարեւորությունը, որը Սեւ ծովի տարածաշրջանը Պարսից ծոցին։ Նրա խոսքով՝ թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել տարածաշրջանի զարգացման համար։
Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ բնապահպանական խնդիրներին։ «Արաքս գետը մեր ընդհանուր արժեքն է, եւ դրա աղտոտման խնդիրը վերաբերվում է նաեւ մեզ»,– ասել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ հարցը կլուծվի։ Կողմերը նաեւ մտադիր են խորացնել համագործակցությունը կրթության եւ գիտության, բանկային ոլորտներում։ Իրանի նախագահի գնահատմամբ՝ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հատուկ պայմաններ է ստեղծում համագործակցության համար։




























