Տուլայի մարզի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի կայացրած որոշումը, որի համաձայն, վարորդ Գառնիկ Հարությունյանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել հայկական ավտոբուսի վթարի գործով:

NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ իրենց համար սպասելի էր դատարանի որոշումը:

«Գառնիկ Հարությունյանի առողջական վիճակը վերջին նիստին վատացավ, ուզում էինք «Շտապօգնություն» կանչել, բայց դատավորը թույլ չտվեց, ինչ-որ մեկին հրավիրեց, որը նորմալ չհետազոտեց Գառնիկ Հարությունյանին: Այս հանգամանքով ամեն ինչ ասվում է: Մենք փաստեր ենք ներկայացրել Գառնիկ Հարությունյանի անմեղությունն ապացուցող, սակայն դատարանը դրանք հաշվի չառավ: Մենք նույնիսկ ապացուցեցինք, որ գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել, այնպես, որ իմ պաշտպանյալը չի հասկանում, թե ինչում են իրեն մեղավոր ճանաչում: Թարգմանչին էլ դատարան ենք հրավիրել ու նա նույնիսկ երկու բառ մեղադրական եզրակացությունից չկարողացավ ռուսերենից հայերեն թարգմանել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ միայն սա առիթ է հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:

Գառնիկ Հարությունյանի փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել վթարի ենթարկված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի հայ վարորդին:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: