Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն փոխզիջումների, եւ դա շատ ավելի կարեւոր է, քան իշխանությունների պատրաստությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
«Բացի այդ, Հայաստանում իշխանության նկատմամբ վստահությունը աղետալի ցածր է, Ադրբեջանում այն անշեղորեն նվազում է (կամ ընկնում էր մինչեւ ապրիլյան պատերազմը, իսկ հետո այդ անկումը հնարավոր եղավ կանգնեցնել)։ Այդուհանդերձ Ադրբեջանում սոցիալական խնդիրներն աճում են, երկու դեվալվացիաներն իզուր չանցան, իսկ դրան գումարվում է նաեւ իր դիրքերն անշեղորեն ուժեղացնող իսլամական ընդդիմության գործոնը։ Նման պայմաններում ցանկացած իշխանության ձեռքեր կապված կլինեին։ Բաքուն իր ռազմական հռետորաբանության գերին է դարձել, չափազանց շատ է խոսվել պատերազմի եւ ատելության մասին, հիմա ուշ է խոսել հաշտեցումից»,– նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, դժվար թե նախկին ԽՍՀՄ տարածքում հնարավորէ գտնել եւս մի երկիր, որտեղ այդքան չվստահեին իշխանության ամբողջ բուրգին, նշեց Սկակովը։ «Եվ նման պայմաններում իշխանությունը գնա փոխզիջմա՞ն։ Նրան անմիջապես կտապալեն, եւ 2016-ի ամռան իրադարձությունները Երեւանում դա շատ հստակ ցույց տվեցին»,– հավելեց քաղաքագետը։





























