Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձեւակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համայնքների ղեկավարների եւ տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, խնդիրները եւ բիզնեսի զարգացման միտումները: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզում բացվել են նոր արտադրություններ, այդ թվում՝ «Արարատ գրուպ» ջրերի գործարանը, «Ոսկե կացին», «Գրին հաուզ» ջերմոցային ընկերությունները. արդյունքում ստեղծվել է 1500-ից ավելի նոր աշխատատեղ: Նշվել է, որ մարզի ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 134 մլրդ 800 հազար դրամ, ոլորտում զբաղված է բնակչության 75-77 տոկոսը: Մարզում գործում են 31 վերամշակող ընկերություններ:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Այնուհետեւ վարչապետին են ներկայացվել տարբեր ներդրումային ծրագրեր: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կացին» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ունեն արտադրությունը եւ արտահանման ծավալներն ավելացնելու հստակ բիզնես ծրագիր, որի համար անհրաժեշտ 1,5 մլն դոլարից 800 հազարը պատրաստ է ներդնել եւ խնդիրը միջոցների մյուս մասի հայթայթումն է: Ներկայացվել են նաեւ նոր տեխնոլոգիաներով չոր մրգերի, թեյերի, կաթնամթերքի արտադրության, զբոսաշրջության խթանման այլ ծրագրեր եւս:
Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է վերջին տարիների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացից, եւ, մասնավորապես, անդրադարձել Արարատ քաղաքի բնակելի շենքերի նկուղային մասերում ջրի կուտակումների վերաբերյալ քաղաքապետի բարձրացրած խնդրին: «Մենք բացահայտ ասում ենք, ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք: Մենք ուզում ենք մոտիվացնենք, որ հաջորդ տարի գանք, տեղական համայնքի բյուջեն 1.8-ից դարձած լինի 2.5, մի քանի տարի անց՝ 3.2: Մենք պետք է հասկանանք, որ այսպես, ամեն մեկս ծանրություն վերցնելով, շարժվում ենք առաջ: Պետական բյուջեն անսահմանափակ չէ եւ միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալիս, ուղղելու ենք այն համայնքներին, որտեղ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող ենք ստանալ: Այսինքն, այն համայնքը, որը բեռ է վերցնելու, ես իր կողքը կանգնելու եմ: Համայնքն իր բյուջեն չի ավելացնում՝ մտածելով, որ եթե ավելացնի, հնարավոր է սուբսիդիան պակասի: Ես էլ ասում եմ, հենց ավելացնեք՝ սուբսիդիան շատացնելու եմ»,- ընդգծել է վարչապետը:
Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս ընդգծել է մարզի զարգացման ծրագրի կարեւորությունը եւ ավելացրել, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժը եւ զարգացման ոլորտները: «Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձեւակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:





























