Հայաստանը կարող է կարեւոր օղակ դառնալ իրանական գազը ԵՄ արտահանելիս։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Երեւանում ընթացող հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Խոմայ Խայերին։
Նրա խոսքով՝  այս հարցում երկու երկրների  միջեւ կարող է ձեւավորվել երկարաժամկետ համագործակցություն։ Դրանից զատ, տեղին է հիշեցնել, որ ԵՏՄ երկրներից Իրանն ընդհանուր սահման ունի միայն Հայաստանի հետ։ «Հետեւաբար՝ ԵՏՄ-ի հետ առեւտուրը ավելի հարմար է հենց այս երթուղով։ Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանում գործում է GSP+ ռեժիմ եւ կարող է 6400 անուն ապրանք արտոնյալ պայմաններով Եվրամիություն արտահանել, ապա նրա միջոցով Իրանը կարող է ԵՄ-ի հետ ոչ միայն ածխաջրածինների առեւտուր անել, այլ նաեւ այլ ապրանքների»,- հավելեց նա։