Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային եւ միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: Կողմերը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը գնահատեցին որպես երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարեւոր քայլ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարեւորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երեւանում եւ 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները եւ ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը` երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացման եւ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության եւ տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին:
Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը:
Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը:
Նախագահները կարեւորեցին Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար եւ այլ համատեղ նախագծերի իրականացումը եւ փոխադարձ աջակցությունը:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորեցին գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:
Կողմերը կարեւորեցին Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ պայմաններով առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները եւ այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական եւ ներդումային գործունեության, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջեւ ելքի եւ մուտքի արտոնագրերի չեղարկումը:
Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարեւորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը եւ տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա:
Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության եւ կայուն զարգացման:
Երկու պետությունների նախագահները կարեւորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարեւորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը:
Երկու երկրների Նախագահները մեծապես կարեւորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:
Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ:
Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարեւորագույն գործոն, որի օրինակելի դրսեւորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվեցին հիշյալ փաստաթղթերը:




























