Այսօր` հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (կանաչների խմբակցություն, Ֆրանսիա) եւ Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցություն, Ֆրանսիա) գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության այցելությունների կարեւորությունը Հայաստան, առավել եւս՝ Արցախ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ առկա իրողություններին, խնդիրներին եւ դրանց լուծման իրատեսական հեռանկարներին։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային այլ հարցեր: