ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանում էր գտնվում ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության եւ ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության եւ համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը:
Զորավարժության արդյունքները գոհացուցիչ են եղել, եւ մասնակիցների համատեղ գործողությունները բարձր են գնահատել զորավարժության ղեկավարներն ու մասնակից պետությունների ներկայացուցիչները:
«Փոխգործակցություն 2010» զորավարժության վճռական փուլի ավարտին հաջորդել է պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացել է զորավարժության ղեկավարության գավաթին:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձել է Հայաստան: Զորախմբին դիմավորել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ բարձրաստիճան զինվորականներ:




























