Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունների՝ հնարավորի ու անհրաժեշտի համեմատությամբ չնչին ու ձեւական վիճակը հստակ ցուցանիշ է, թե Հայաստանը ինչպիսի խորը գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից: Այս մասին «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն են տարածել Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցին:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից եւ մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու եւ Իրանի դեմ արգելապատնեշի:
Ավելին՝ Ռուսաստանը չի բավարարվում ձեռք բերածով եւ ձգտում է արագացված տեմպերով ավարտին հասցնել Հայաստանը վերջնականապես կուլ տալու ու դեպի հարավ ուղղված կայազոր դարձնելու ծրագիրը:
Շատ ցավալի է, որ կորցրել ենք անցած 25 տարիները, որոնք կարող էին լինել Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու, նրա համար յուրօրինակ Հոնգկոնգ դառնալու եւ, այդ հարաբերությունների վրա հենվելով՝ ռուսական գաղութատիրությունից ազատվելու ու տարածաշրջանային գործոնի վերածվելու տարիներ:
Երբ եղբայրական Իրանը շրջափակման մեջ էր եւ Հայաստանը կարող էր զգալի չափով օժանդակել նրան, մենք ոչինչ չարեցինք՝ հլու-հնազանդ ենթարկվելով մեզ թելադրված պայմաններին:
Մինչդեռ Իրանը եւ՛ այն ժամանակ, եւ՛ հիմա հետեւողականորեն շարունակում է անգամ Հայաստանի փաստացի պաշտոնական մերժողականության պարագայում մեզ ընդունել որպես սուբյեկտ եւ ըստ այդմ կառուցել իր ռազմավարությունը տարածաշրջանում:
Իրանի Նախագահի ներկայիս այցը նույնպես, որ տեղի է ունենում Ռուսաստանի զավթողականության եւ դրա նկատմամբ պաշտոնական Երեւանի բացահայտ համաձայնության պայմաններում, վկայում է ոչ միայն նրա սկզբունքայնության մասին: Պատմության խորքերից եկող պետական իմաստնությամբ Իրանը հասկանում է, որ հայությունը ներազգային ճգնաժամի եւ այն հաղթահարելու զարթոնքի գործընթացի մեջ է եւ իր աջակցությունը կարեւոր է մեզ համար վճռորոշ այս ժամանակահատվածում:
Իրանն այս քայլով ցույց է տալիս, որ հայ եւ իրանցի ժողովուրդների ժամանակը չափվում է հազարամյակներով, ուստի անտեսում է Հայաստանի այսօրվա զավթված վիճակը՝ որպես կարճատեւ ու անցողիկ դրվագ եւ իր ծրագրերը կազմում է մեծ ապագայի մեծ հեռանկարի հաշվարկով:
Շնորհակալություն ենք հայտնում եղբայրական Իրանին աջակցության համար:
Մենք նույն չափանիշներով ենք մտածում եւ համոզված ենք, որ կարճ ժամանակ անց ազատագրվելու ենք, թռիչքային տեմպերով ու ծավալներով լրացնելու ենք բացթողածը եւ Իրանի հետ համագործակցությամբ ու նաեւ դրա շնորհիվ ստանձնելու ենք մեր ավանդական դերն ու կարգավիճակը՝ վերստին դառնալով կամուրջ-միջնորդ տարածաշրջանների ու քաղաքակրթությունների միջեւ:




























