Հայաստանը հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն անցնում է ձմեռային ժամանակի: Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով հետ տալ:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի` Հանրապետության տարածքում 2010 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 /մեկ/ ժամ հետ: Նկատենք, որ բոլորովին պարտադիր չէ գիշերվա ժամը 3-ին վեր կենալ եւ ուղղել ժամը, քանի որ հաջորդ օրը կիրակի է եւ աշխատանքից ուշանալու խնդիր չկա:
Նշենք, որ ամառային եւ ձմեռային ժամանակների անցնելու շուրջ վեճերը որեւէ արդյունք դեռ չեն տվել: Ժամերը փոխելու հակառակորդները նշում են, որ էլեկտրաէներգիայի տնտեսումն այնքան էլ մեծ չէ, իսկ ժամերը փոխելու արդյունքում առողջությանը հասցված վնասը շատ մեծ է, քանի որ մարդու օրգանիզմը ստիպված է լինում փոխել իր ռիթմը: Ժամանակի փոփոխումը հատկապես ծանր են տանում սրտանոթային հիվանդություններ ունեցողները: Փորձագետների մյուս խումբն էլ պնդում է, որ ժամանակի փոփոխությունը առողջությանը ոչ մի վնաս էլ չի տալիս:




























