Իռլանդական օրենսգրքի թերացումներից օգտվելով՝ 2015 թվականին Google-ը մոտ 3,6 մլրդ ԱՄՆ դոլարի հարկ չի վճարել, գրում է Bloomberg-ը:

Հարկերից խուսափելու համար՝ ընկերությունը օգտագործել է այսպես կոչված «իռլանդական կրկնակի սենդվիչի» եւ «հոլլանդական սենդվիչի» («Double Irish» եւ«Dutch sandwich») սխեմաները, որը Google-ը կիրառում է 2004 թվականից:

Համաձայն այդ սխեմայի՝ ընկերությունը, հավաքելով իր եկամուտը Google Ireland Limited հաշվին, փոխանցում է այն նիդեռլանդական Google Netherlands Holdings BV-ի հաշվին, որից էլ գումարը արդեն փոխանցվում է Google Ireland Unlimited-ի հաշվին, որը, չնայած Իռլանդիայում գրանցված լինելուն, գտնվում է Բերմուդյան կղզիներում: Այսպիով, Google-ի չի վճարում եվրոպական շուկայում իր եկամուտներից ստացված հարկերը: Այս սխեմայի շնորհիվ՝ ընկերության հարկերը 2015 թվականին նվազել են 6,4% - ով:   

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ից դուրս Google-ի չվճարված հարկերից կուտակված գումարը աճել է 40%-ով:

2015 թվականին իռլանդական կառավարությունը, համապատասխան օրենքներ ընդունելով, փակել է «կրկնակի իռլանդական սենդվիչի» մոդելի կիրառման հնարավորությունները:

Բացի Իռլանդիայից Google-ի նկատմամբ նմանատիպ մեղադրանքներ ներկայացրել են նաեւ Նոր Զելանդիայի իշխանությունները՝ մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ տալով խնդրի լուծման համար: Բացի դրանից, Իսպանիայի եւ Ֆրանսիայի հարկային մարմինները արդեն ստուգումներ են անցկացրել Google-ի գրասենյակներում՝ հարկերը թաքցնելու մեղադրանքով: