Հայ-իրանական համագործակցությունը տուժեց, երբ իր նախագահության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը իրանական գազը փոխարինեց ռուսականով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Վերջին անգամ Իրանի նախագահներից Ահմադինեժադն է այցելել Հայաստան, երբ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիսավոր կերպով, արարողության ժամանակ այրեցին Հայաստան մտնող գազը ու այդ գազի խողովակը բարակեց: Այդ օրվանից ռուսական «Գազպրոմը» դարձավ լիիրավ մոնոպոլիստ»,- ասաց նա:

Խոսելով ռուս-իրանական հարաբերությունների եւ ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցերի մասին՝ փորձագետը նշեց, որ Իրանի շահերը չեն համապատասխանում Ռուսաստանի շահերին:

«Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, սակայն Հայաստանը դրա համար քայլ չի անում: Իրանական կողմը հարաբերություններ է կառուցում Եվրոպայի  հետ, իսկ ամենակարճ ճանապարհը, որը տանում է Եվրոպա, Կովկասն է, ավելի կոնկրետ՝ Հայաստանը եւ Վրաստանը: Չգիտես ինչու  Հայաստանի ընկալումներում Իրանը շատ ավելի հեռու է քան Մոսկվան»,-ասաց նա: