Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց տոնական միջոցառում՝ «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ավանդական ստեղծագործական ծրագիր նախատեսված երեխաների համար: Ձմեռ Պապի ու Ձյունանուշի օգնությամբ երեխաները ստեղծեցին Ամանորի զարդարանքներ եւ տոնածառ, որը տեղադրեցին  Կենտրոնի Այցելուների կենտրոնում:

Կրթական անվճար ծրագրին մասնակցեցին 5 տարեկանից բարձր ավելի քան հարյուր երեխա, ովքեր նախապես գրանցվել էին  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։

«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգեւել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն եւ վառ զգացողություն։ Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, եւ մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը եւ վառ զգացողությունները հերթական անգամ փոխանցեցինք մեր երեխաներին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս միջոցառման շնորհիվ օգնել երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը եւ այս օրը վերածել անմոռանալի հեքիաթի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է իր բարի ավանդույթը՝ երեխաներին մասնակից դարձնելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան հրաշքին: Այս ստեղծագործական ծրագրի միջոցով փոքրիկները ոչ միայն վայելում են գալիք տոների բերկրանքը, այլեւ դառնում են դրա կերտողները՝ ստեղծելով համապատասխան զարդարանքներ եւ խաղալիքներ տոնածառի համար: Լիակատար ուրախությամբ եւ ջերմությամբ պարուրված՝ երեխաներն իրենց հետ տանում են ծրագրի ընթացքում ստեղծած տոնական պարագաներն ու Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի նվերները՝ Կենտրոնի ացելուներին թողնելով իրենց ստեղծած խաղալիքներով զարդարված յուրօրինակ տոնածառը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ ծրագրիը հովանավորելու համար», - մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։