Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել է Հայաստանի մի կին քաղաքացի, ով  փաստաթղթում կեղծել ու երկարացրել է բնակության իրավունքի ժամկետը: Այս մասին հաղորդում է քաղաքի ՆԳ վարչության մամուլի ծառայությունը:

2010-ի հոկտեմբերի սկզբին Նիժնի Նովգորոդի Սորմովսկի շրջանի Կոմինտերնի փողոցում ճանապարհային ոստիկանները փաստաթղթեր ստուգելու համար կանգնեցրել են առանց գրանցման նշանների երթեւեկող «ՎԱԶ» ավտոմեքենան: Մեքենայի ուղեւորուհին ոստիկաններին անձը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել` Ռուսաստանում բնակության իրավունքի վկայական:

Ուշադիր դիտելով վկայականը, ճանապարհային ոստիկանը նկատել է, որո որոշ թվեր ջնջված են: Ոստիկանների մոտ կասկածներ են ծագել եւ նրանք կնոջը տարել են ոստիկանության բաժին:

Այստեղ կինը խոստովանել է, որ հուլիսի վերջին իր բնակարանում փոխել է բնակության իրավունքի վկայականի ժամկետը` «2010 թվականի օգոստոսի 5»-ը դարձնելով «2019 թվականի օգոստոսի 5»: Նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ գումար չունի, որպեսզի բնակության իրավունքը երկարաձգի Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը:

ՀՀ քաղաքացի կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «փաստաթղթերի կեղծում» հոդվածով: Նրան սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում: