Թե ինչ էր փնտրում «Հզոր Թուրքիա» կուսակցությունը Հայաստանում, միանշանակորեն չի կարելի ասել. վարկածները մի քանիսն են՝ քաղաքական PR, արկածախնդրություն, չի բացառվում նաեւ լրտեսության վարկածը։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը։

Նրա խոսքով, Թուրքիայում շատ քիչ հայտնի, ընդամենը 1,5-2 տարվա պատմություն ունեցող քաղաքական ուժի՝ «Հզոր Թուրքիա» կուսակցության անդամների այցը Հայաստան էժանագին մի հնարք էր՝ միտված Թուրքիայի քաղաքական ասպարեզում որոշակի դիրք գրավելուն։ «Հնարավոր է, որ նրանք այս քայլով կարողացան հետաքրքրություն առաջացնել իրենց հանդեպ, գրավել հասարակության ուշադրությունը, բայց հավանակությունը մեծ է, որ նրանց այս քայլն իրենց երկրում չընդունվեց։ Իհարկե, այդ երիտսարդների քայլը PR էր, որով նրանց գործողությունները մեծ արձագանք ստացան։ Եվ եթե Հզոր Թուրքիայի» անդամները շարունակեն արկածախնդրություն դրսեւորել, հնարավոր է նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշակի ձայներ հավաքեն՝ հավակնելով անգամ մեկ-երկու պատգամավորական աթոռների»,- նկատեց թուրքագետը՝ ավելացնելով, որ կուսակցության անդամների այցը Հայաստան կարող էր հետապնդեկլ նաեւ լրտեսական նպատակներ։ «Կասկածի տեղիք է տալիս հատկապես այն հանգամանքը, որ նրանք, իբրեւ թե անցնելով հայ-թուրքական սահմանը, աննկատելի են մնացել երկու կողմերի սահմանապահների կողմից էլ։ Եթե նրանք այդպիսի բան արած լինեի, թուրքական իշխանությունները միանգամից կձերբակալեին սահմանախախտներին։ Եթե նման բան չի եղել, նշանակում է, որ թուրքական կառավարությունը աջակցել է նրանց։ Իսկ ընդհանրապես, սահմանն անցնելու նրանց պատմությունը, կարծում եմ, մեծ սուտ է»,- ամփոփեց Քրիստինե Մելքոնյանը։

Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ-ի կողմից հիշյալ դեպքի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որտեղ նշվել էր, թե Թունա Բեքլեւիչը եւ Բայբարս Օրսեքը հրավիրվել են ԱԱԾ պարզաբանումներ տալու, որտեղ նրանզ զգուշացվել է, որ անընդունելի է նման վարքագիծն ու անպատասխանատու հայտարարություններ անելը եւ առաջարկվել թուրք գործիչներին լքել Հայաստանի տարածքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան: Այնուհետ,  Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը: