Հայաստանի դերը գլոբալ ՏՏ շուկայում աստիճանաբար աճում է, ասել է Microsoft Armenia-ի ներկայացուցիչ Լեւոն Հովհաննիսյանը՝  ներկայացնելով Հայաստանում կազմակերպության իրականացվող գործունեությունը։

«Մեր երկրի կարեւորության վառ օրինակներից է  Microsoft Armenia-ի՝ տարածաշրջանային ղեկավար կենտրոն լինելը։ Եթե Հայաստանը գլոբալ ՏՏ ոլորտում հետաքրքրություն չներկայացներ, ապա այդ կենտրոնը կտեղափոխվեր մեկ այլ երկիր։ Հարցին, թե ի՞նչն է դարձնում փոքր երկրին գլոբալ խաղացող, կպատասխանեմ՝ մարդկային ինտելեկտուալ ռեսուրսը։ Օրինակ, Microsoft-ում այժմ հարյուրից ավելի հայ ծրագրավորողներ են աշխատում՝ հիմնականում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ»,- ասել է նա։

Լեւոն Հովհաննիսյանի խոսքով՝ մեր բացասական կողմը միայն փոքր շուկա ունենալն է, սակայն ամպային տեխնոլոգիաների ստեղծումը վերացրել է փոքր շուկայի գաղափարը։

«Ամպային տեխնոլոգիաները եկան վերացնելու մինչեւ այդ եղած բոլոր սահմանները․ այժմ կարող ես ստեղծել ծրագիր, տեղադրել ամպում՝ տարածելով այն ամբողջ աշխարհում։ Իսկ որպես տարեկան տասնյակ երկրներ այցելող մարդ՝ կարող եմ ասել, որ Հայաստանի ինտերներտ ինֆրակառուցվածքը աշխարհում լավագույններից է։ Այսինքն՝ փոքր շուկայի խնդիրը լուծված է»,- հավելել է Microsoft Armenia-ի ներկայացուցիչը։