Իրանական Mellat Bank–ն ուսումնասիրում է Հայաստանում Մեղրիի գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Mellat Bank–ի գործադիր տնօրեն Սեյեդ Գոլամրեզա Մուսավին:

Նրա խոսքով՝ ազատ գոտում աշխատանքի հնարավորությունը դիտարկելու առաջարկ է արվել: «Հաշվի առնելով, որ առաջարկվում է աշխատանքներ կատարել նաեւ «Արարատբանկը», նրանք մեզ առաջարկեցին, որ աշխատենք նաեւ մենք։ Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունը եւ 2017 թվականին բանկի խորհրդին կներկայանենք հնարավոր առաջարկները: Դրանից հետո կսկսենք բիզնես-պլանի մշակումը»,-ասել է Մուսավին։

Հիշեցնենք, որ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունն առաջարկվել է ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագծով։

Մաքսային օրենսգիրքը ուժի մեջ կմտնի ԵՏՄ 5 անդամ երկրների կողմից վավերացնող ընթացակարգերի ավարտից հետո։