Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում չեն հերքել, որ հոկտեմբերի 29-ին «Սեւան» քրեակատարողական հիմնարկում բանտարկյալների կողմից բողոքի ցույց է տեղի ունեցել:
«Երեկ (հոկտեմբերի 29-ին) «Սեւան» քրեակատարողական հիմնարկում բանտարկյալների կողմից իրականացված բողոքի ցույցի մասին առայժմ ոչինչ չեմ կարող հայտնել, դրա մասին լրատվամիջոցներին կտեղեկացնենք երկուշաբթի (նոյեմբերի 1-ին)»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանն ու հավելեց. «Այնտեղ այդ առումով ուսումնասիրություններ են իրականացվում»:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե երեկ՝ հոկտեմբերի 29-ին, «Սեւան» քրեակատարողական հիմնարկում 26 դատապարտյալներ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք բարձրեցել են քրեակատարողական հիմնարկի տանիք եւ պահանջել իրենց վաղաժամկետ ազատ արձակել։ Բողոքի ակցիան, սակայն, որոշ ժամանակ անց դադարեցվել է։ Դատապարտյալները տանիքից իջել են այն բանից հետո, երբ քրեակատարողական հիմնարկի պետը՝ Արսեն Խշտոյանը, բոլորի ներկայությամբ խոստացել է, որ նրանցից ոչ մեկին վնաս չի պատճառվի։ Տանիքից իջնելուց հետո բանտարկյալները հացադուլ սկսելու մասին հայտարարություն են գրել՝ միաժամանակ նշելով, թե իրենց բողոքն ուղված է ոչ թե «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, այլ դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի դեմ, որը առանց հիմքերի հրաժարվում է իրենց ազատ արձակել։
Նշենք նաեւ, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին, «Սեւան» քրեակատարողական հիմնարկ է այցելել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը եւ զրուցել բողոքարար բանտարկյալների հետ։ Նա ցուցարարներին առաջարկել է սպասել եւս մի քանի օր, քանի որ վերոնշյալ հանձնաժողովի նիստը կայանալու է միայն 6 օր հետո։




























