Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովնայսօր` հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ վթարի ենթարկված ռազմադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովը կշարունակի աշխատանքն իր պաշտոնում, երբ կազդուրվի: «Շամանովը ամուր տղամարդ է: Նա կկազդուրվի եւ կշարունակի հրամանատարի իր գործը»,- ասել է Սերդյուկովը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Շամանովի ծառայողական մեքենան վթարի էր ենթարկվել Տուլայի մարզում:

Ինչպես հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ-ից, «ՄԱԶ» բեռնատարը դուրս էր եկել հանդիպակած ուղի եւ բախվել գեներալի BMW մեքենային:

Հիշեցնենք, որ այդ վթարի արդյունքում Շամանովը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, որոնք կյանքի համար վտանգավոր չեն: Իսկ մեքենայում գտնվող գնդապետ Նաումեցը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ հնարավոր չէ նրան տեղափոխել Մոսկվա: Ծառայողական մեքենայի վարորդը զոհվել է: