Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գինու փառատոնի կազմակերպիչներն այսօր` հոկտեմբերի 30-ին նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել, հանրությանը ներկայացնելով աշխարհում ամենամեծ գավաթը: Նրա բարձրությունը 2,4 մետր է, իսկ լայնությունը` 1,65 մետր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նախկին ռեկորդը սահմանվել էր Պորտուգալիայում 12 տարի առաջ եւ ես ուրախ եմ, որ Լիբանանը գերազանցել է այդ ռեկորդը»,- ասել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Լիզ Սմիթը:
Հսկայական գավաթը լցված է եղել 100 շիշ կարմիր, սպիտակ եւ վարդագույն գինով, որոնք ուղարկել են գինեգործները երկրի տարբեր ծայրերից: Ոչ ոչ չի շտապել փորձել համտեսել գավաթի «կոկտեյլը»:
«Այս գավաթը միացնում է Լիբանանի բոլոր գինեգործներին»,- հայտարարել է գինեգործներից մեկը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց աշխարհում ամենաերկար ճոպանուղին` «Տաթեւի թեւերը»: Հայաստանի Սյունիքի մարզում այս ճոպանուղու կառուցումը տեւել է 11 ամիս: Նախագծի արժեքը կազմել է 50 մլն դոլար: Նշենք, որ ճոպանուղու երկարությունը կազմում է 5,7 կմ:



























