Ինչ խոսք, գյուղատնտեսական անբարենպաստ տարին կարող էր իր ազդեցությունը թողնել կաթի եւ կաթնամթերքի գների բարձրացման վրա, բայց ոչ այն չափով, ինչ չափով որ դրան ականատես ենք այժմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Չեմ բացառում նաեւ պանրարտադրողների միջեւ հնարավոր պայմանավորվածությունը։ Հնարավոր է նաեւ, որ աժիոտաժն առաջացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «հայկական պանիր» ծրագրի մասին հայտարարությունից հետո։ Դրանից հետո, հնարավոր է, մարդիկ մտածել են, որ կարող են արտահանել իրենց արտադրանքը եւ գինը բարձրացրել են։ Սրա արդյունքում, իհարկե, տուժում ենք մենք՝ ներքին սպառողներս։ Բայց սա հերթական անգամ ապացուցում է, որ կառավարությունն անպատասխանատու է իր հայտարարություններում եւ գործունեության մեջ»,- համոզմունք հայտնեց Վահագն Խաչատրյանը, հավելելով, որ համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պարագայում Հայաստանը պատրաստ չէ պանիր արտահանել:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն իր հայտարարությունների մեջ հետեւողական չէ, եւ «սա առաջին անգամը չէ»։ «Խոսքը վերաբերում է կառավարության կողմից վերջին մի շարք ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարություններին. տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, տեխնոպարկ, Իրան-Հայաստան նավթամուղ եւ այլն։ Սրանք անհեթեթություներ են։ 2009-ին, երբ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողով ներկայացրեց պետական բյուջեի նախագիծը, այնտեղ 9 տոկոս աճ էր նախատեսվում: Եվ դա այն դեպքում, երբ աշխարհում մոլեգնում էր ճգնաժամը, երբ բոլորս էլ գիտակցում էինք, որ եթե անգամ զրո լինենք, էլի լավ է։ Արդյունում շուրջ 15 տոկոսանոց նվազում տեղի ունեցավ, իսկ կառավարությունը դրա համար որեւէ պատասխանատվություն չկրեց»,- ամփոփեց տնտեսագետը։
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյան հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանը հաջորդ տարի սկսելու է «հայկական պանիր» ծրագիրը, որի շնորհիվ հայկական այդ նոր բրենդը կսկսի նվաճել աշխարհը։ Սպասվում է, մասնավորապես, որ հայկական պանրի արտահանումը կտրուկ կավելանա նախ դեպի Ռուսաստան, այնուհետեւ՝ դեպի այլ շուկաներ։
«Հայկական պանիր» ծրագիրն պետք է, իբր, իրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում եւ մաս կազմի արտահանման խթանման միջոցառումների։





























