ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հետ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, այդ նպատակով մշակված իրավական կառուցակարգերը: Կարեւորվել է արդյունավետ փոխգործակցությունը` մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեր եւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում:
Ի կատարումն Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի` պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստորագրել համագործակցության երկամյա ծրագիր, որի շրջանակներում երկուստեք կարեւորված վերոնշյալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն համատեղ միջոցառումներ, քննարկումներ:
Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջին պատասխանել են լրագրողների հարցերին:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ ԻԻՀ Արդարադատության իշխանության առաջին տեղակալ պարոն Ղոլամհոսեին Մոհսենի Էժեիի, ԻԻՀ դատական իշխանության սոցիալական եւ հանցագործությունների կանխարգելման հարցերով տեղակալ Մոհամադ Բաղեր Օլֆաթի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը ընդգծել են հանցավորության դեմ պայքարում, քրեական գործերի քննության ընթացքում համագործակցության կարեւորությունը` քրեորեն արգելված արարքներ թույլ տված անձանց պատժի անխուսափելությունն ապահովելու, մարդու իրավունքներն պաշտպանելու ուղղությամբ:
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` նախանշելով համագործակցությունը զարգացնելու մի շարք նոր ուղղություններ:






























