Վերջին մեկ ամսում Թեհրանի Սոմայեխ հայկական թաղամասը, քրիստոնյաներով բնակեցված ամենամեծ թաղամասը,  գնորդներով լի է։ Նրանք բոլորն այստեղ են գալիս Սուրբծննդյան ատրիբուտների՝ արհեստական տոնածառեր, տոնածառերի խաղալիքներ, խաղալիք ձնեմարդեր ու խաղալիք եղջերուներ գնելու։

Դժվար է ասել, թե Թեհրանը Սանտա Կլաուսի ամենաակնհայտ կանգառներց մեկն է, բայց իրանցիներին դուր է գալիս Սուրբ ծնունդի արտաքին կողմը։ Թաղամասի խանութներում գնումներ են անում ոչ միայն հայերը, այլև իրանցիները։ «Մեզ համար իրոք հետաքրքիր է։ Ինձ դուր են գալիս զարդերը, տոնածառը։ Մենք դա դիտարկում ենք որպես հարգանք նրանց հավատի հանդեպ։ Եվ իհարկե՝ շոկոլադը»,- ասում է մի մուսուլման կին՝ Նիլուֆարը։

Գնորդները սելֆի են անում խանութների կողքին տեղադրված Սանտա Կլաուսներից մեկի հետ։

Համադ Դավուդյանը այս փողոցում խանութ ունի։ Նրա խոսքով, ինքը երբեք իշխանությունների հետ խնդիր չի ունեցել։ «Ինչո՞ւ պետք է մենք խնդիրներ ունենանք։ Մենք  (հայերս) այստեղ 400 տարի է ապրում ենք»,-ասում է Համադը։

Հոդվածում նշվում է, որ երկրում մոտ 120 հազար քրիստոնյա է ապրում, նրանց մեծ մասը ՝ հայ քրիստոնյաներ։ Իրանում նաեւ ապրում է խալդիական կաթոլիկ եկեղեցու մի քանի հազար հետեւորդ։ Քրիստոնյաների համար որոշ սահմանափակումներ կա՛ն, օրինակ մուսուլմանների քրիստոնեացումն ապօրինի է, դրա համար էլ եկեղեցական պատարագն արվում է համայնքի մայրենի լեզվով, բայց հեղինակը նշում է, որ Իրանն ընդհանուր առմամբ Մերձավոր արեւելքում քրիստոնյաների համար ամենաանվտանգ վայրն է։