Արհեստական բանականության տեխնոլոգիայի զարգացումը կարող է բերեն նրան, որ արդեն 2050 թվականին մարդկանց եւ ռոբոտների միջեւ ամուսնական կապը օրինականացվի, գրում է HighTech-ը:

Լոնդոնում կայացած «Սեր եւ սեքս ռոբոտների հետ» կոնֆերանսի շրջանակում ռոբոտների հանդեպ սիրո մասին հայտնի գրքի հեղինակ Դեվիդ Լեվին կանխագուշակել է, որ արդեն 2050 թվականին մարդիկ կկարողանան օրինականացնել մեքենաների հետ իրենց հարաբերությունները:

Իսկ Լոնդոնի քաղաքային համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր եւ Սինգապուրի խառը իրականության լաբորոտորիայի տնօրեն Էյդրիան Չոյեկը, համաձայնելով այդ կանխատեսման հետ, ավելացրել է, որ չնայած 2050 թվականին արդեն կօրինականացվեն այդ հարաբերությունները, սակայն ռոբոտների հետ մարդիկ շատ ավելի շուտ կսկսեն ապրել: Նա դրականորեն է բնութագրել մարդ-ռոբոտ ռոմանտիկ հարաբերությունները՝ ասելով, որ  դա հասարակությունը ավելի լավը կդարձնի, իսկ մարդկանց՝ ավելի երջանիկ:

 Չոյեկը կարծում է, որ ռոբոտի եւ մարդու միջեւ ամուսնությունը հրաշալի ալտերնատիվ կլինի մարդկանց միջեւ վատ ամուսնության դեպքում:

Այս գաղափարների դեմ է սակայն հանդես եկել Շվեյցարիայի Լյուցեռնի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Բենդելը, ով զբաղվում է ռոբոտաինդուստրիայում էթիկայի հարցերով: Չնայած նրան, որ պրոֆեսորը համաձայնել է այն կանխատեսման հետ, որ արդեն 35 տարի անց ռոբոտ-մարդ ռոմանտիկ կապը կարող է օրինականացվել՝ նա կարծում է, որ  ամուսնություն այդպիսի կապը չի կարելի անվանել: «Ամուսնությունը երկու մարդկանց փոխգործակցության ձեւ է, որն իր մեջ ներառում է փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների համակարգ: Հնարավոր է, որ մի օր ռոբոտներն էլ ունենան իրական իրավունքներ եւ պարտականություններ, սակայն ես անձամբ չեմ հավատում դրան»,- ասել է նա:

Բենդելի կարծիքով՝ ռոբոտների եւ մարդկանց հարաբերությունների օրինականացումը տեղի կունենա հասարակական ճնշման տակ, սակայն հնարավոր է հակառակ պրոցեսը՝ ռոբոտների հետ ցանկացած սեքսուալ հարաբերության արգելք պետության կողմից: