Խոշոր սոցիալական ցանցերը ու ՏՏ կոնցեռնները, ինչպիսիք են Facebook-ը կամ Google –ը , պետք է ավելի ակտիվ պայքարեն համացանցում տարածվող ապատեղեկատվության դեմ։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում, հայտնում է DW–ն։
Յունկերը հիշեցրել է, որ սոցցանցերը պատասխանատվություն են ստանձնել մշակել միջոցառումներ, որոնք կխանգարեն կեղծ հաղորդագրությունների տարածմանը, օրինակ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում։ «Մենք կստուգենք, թե ինչպես է հնարավոր իրականացնել դա» ,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Գերմանիայի իշխող կուսակցություններն ակտիվ քննարկում են, թե ինչպես կարելի է սոցցանցերին ու մյուս ինտերնետային կոնցեռններին օրենսդրական մակարդակով պարտավորեցնել ստեղծել օգտատերերի իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ ստորաբաժանումներ ու ավելի խիստ ժամկետներ սահմանել ապատեղեկատվությունը ցանցից հեռացնելու համար։ Նրանք նաեւ ծրագրում են պատասխանատվություն սահմանել երկրում իրավիճակը ապակայունացնելուն միտված ապատեղեկատվությւոն տարածելու համար։





























