Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, խորացնի եւ ընդլայնի դրանք: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով ԱՊՀ երկրների մեդիա-ֆորումի մասնակիցների առջեւ:
«Մեր քաղաքականությունը շատ բաց է. լինելով փոքր երկիր, մենք բաց ենք մեր ռուսական, ամերիկյան, եվրոպական ու իրանական գործընկերների առաջ: Մենք ամեն տեղ բաց ասում ենք նույն բանը եւ մեր դիրքորոշումներն այդ առումով հստակ ու պարզ են: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ, խորացնենք եւ ընդլայնենք դրանք»,- ասել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա Հայաստանի կենսական շահերից է բխում եւ որ Հայաստանն այլ ելք ու ընտրություն չունի:
«Ուստի շատ խիստ մեխանիզմները, որն առաջարկվում է կիրառել Իրանի հանդեպ, մենք, իհարկե, չենք կարող մեզ թույլ տալ: Մենք շատ կարեւոր նշանակություն ենք տալիս նրան, թե ինչ գործընթացներ են գնում Իրանում: Մենք մտավախություն ունենք, որ այդ նավակը չի կարելի ճոճել, քանի որ Իրանում իշխանության ղեկին գտնվող վարչակազմը ապահովում է իր երկրի կայունությունը. Մի երկրում, որտեղ ազգային կազմն ունի իր առանձնահատկությունները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ եթե Իրանում իշխանության լինի ոչ թե այս վարչակազմը, այլ մեկ ուրիշը, ապա «մենք կունենանք լուրջ բացասական գործընթացներ տարածաշրջանում, որոնք կազդեն ողջ աշխարհի իրվաիճակի վրա»:





























