Չնայած ռազմաքաղաքական բարդ իրավիճակին` կառավարությանը հաջողվել է 2016 թվականը եզրափակել պլանավորած տնտեսական աճով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Կառավարության ղեկավարի խոսքով՝ կատարվել են բոլոր սոցիալական ծրագրերը, եւ ֆինանսական տարին գործադիրն ավարտում է առանց պարտավորությունների, իսկ գալիք գալիք տարում նախատեսվում է եւս 8-10 տոկոս իրական տնտեսական աճ:

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացին անդրադառնալով`  վարչապետը  նշել է, որ  միջնորդների աջակցությամբ առկա գործընթացը կարելի է որակել ոչ թե բանակցություններ, այլ՝ հանդիպումներ: «Իհարկե, հանդիպումները կարեւոր են, քանի որ նաեւ դրանց արդյունքում տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չկա: Ինչ վերաբերում է հիմնախնդրի վերջնական կարգավորման տարբերակներին, ապա այդ առումով հայկական կողմի մոտեցումը հստակ է. ցանկացած առաջարկվող տարբերակ պետք է հավանության արժանանա ժողովրդի կողմից»,- ասել է վարչապետը:

Թալիշի վերականգնմանն անդրադառնալով`տեղին չի համարել այն մտահոգությունը, որ բնակչության վերադարձի համար կարող է անվտանգության էական խնդիր ծագել:

«Նախ՝ առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համալրումը թույլ են տալիս վստահ ասել, որ հակառակորդի ցանկացած ոտնձգություն արագ հավաստանշվելու եւ կանխվելու է մեր բանակի կողմից: Դրա արդյունքում, վերջին ժամանակահատվածում սահմանային միջադեպերի ակնհայտ նվազումը տեսանելի է բոլորի համար: Երկրորդ՝ հնարավոր պատերազմի դեպքում անվտանգության խնդիրը լինելու է բոլոր բնակավայրերի համար, եւ այս առումով ճիշտ չէ որեւէ բնակավայր առանձնացնելը: Այլ հարց է, որ կառավարության կողմից լինելու է հատուկ ուշադրություն սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ՝ դրանց բնակիչներին տրամադրելով լրացուցիչ շոշափելի սոցիալական երաշխիքներ»,- ընդգծել է վարչապետը:

Այնուամենայնվի Արցախի վարչապետը շեշտել է, որ 2016 թվականը ձեռբերումների տարի էր. «2016 թվականը կհամարեի կարեւոր ձեռքբերումների տարի Արցախի կյանքում: Մենք դեռ հնարավորություն ենք ունենալու  գնահատելու ապրիլը. դա,  իրոք, մեր երկրորդ հաղթանակն է, քանի որ կարողացել ենք հակառակորդին ապացուցել, որ ինքն իրավունք եւ հնարավորություն չունի մեզ հետ զենքի ուժով խոսելու: Ավելին՝ միջազգային հանրությանն ապացուցեցինք, որ  հայությունը միասնական կանգնած է եւ վտանգի դեպքում ժամերի ընթացքում մեկ բռունցք է դառնում: Մեզ հաջողվել է ապահովել տնտեսական աճ, ժողովրդագրական բնական աճի բավարար տեմպեր: Մեզ հաջողվել է ապացուցել կասկածողներին, որ Արցախի ճակատագիրն արդեն իսկ երաշխավորված է՝ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ ռազմական առումով, ինչպես նաեւ արձանագրել զարգացման եւս մեկ տարի: Իրականում զարգացման տարի էր, հաղթանակի տարի էր, հաջողության տարի էր»,-ամփոփել է Արայիկ Հարությունյանը: