Ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերը Ադրբեջանին զսպելու եւ բանակցային տրամաբանության փոփոխության պոտենցիալ հնարավորություն ունեն։ Այս մասին «Անալիտիկոն» պարբերականում գրել է քաղաքական վերլուծաբան Մասիս Մայիլյանը։
«ՀՀ–ի եւ ԼՂՀ–ի միջեւ ռազմավարական միության եւ փոխադարձ անվտանգության մասին համաձայնագրի հնարավոր ստորագրումը, ԼՂՀ–ի իրավաբանական ճանաչումը ՀՀ–ի կողմից, ԼՂՀ–ի ճանաչման ուղղությամբ ակտիվ եւ հետեւողական աշխատանքը եւ այլ քայլերը կարող են դրական առումով ձեւափոխել ստատուս քվոն՝ հօգուտ ավելի մեծ տարածաշրջանային կայունության»,– գրում է Մասիս Մայիլյանը։
Նրա կարծիքով ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ հաստատեց փաստարկը, որ ԼՂՀ ճանաչումը կարող է հավելյալ քաղաքական–դիվանագիտական մեխանիզմ դառնալ ԼՂՀ անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային պատերազմի կանխման համար։
Ընդհանուր առմամբ 2016-ի դեպքերը, հատկապես ապրիլյան պատերազմը, ավելի բարդացրին միջազգային միջնորդները խնդիրը։ 2017–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը թարմացված անձնակազմ կունենա, հիշեցրեց վերլուծաբանը։





























