Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները: Հայկական ավանդության մեջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը:
Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:
Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:
Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ:





























