Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծումն սկսվել է, շինարարությունը կսկսվի 2017–ին, բացումը նախատեսում է կազմակերպել գրողի ծննդյան 110 ամյակին՝ 2018 թ. օգոստոսի 31-ին:

2015թ. դեկտեմբերին Սարոյանի՝ աճուրդի հանված տունը ձեռք բերելուց հետո «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնել է «Սարոյան Հաուս» նախագիծը, որի գլխավոր նպատակը գրողի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը տուն-թանգարան դարձնելն էր:

Տուն-թանգարանի նախագիծը մշակելու համար հայտարարվեց մրցույթ, որի եզրափակիչ փուլն անցկացվեց Երևանում: Հաղթող ճանաչվեց «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան, որն առաջարկել էր նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած նախագիծ:

Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114մ2 տարածքի  վրա, որտեղ ժամանակին Սարոյանն էր ապրում ու ստեղծագործում: Ինտերակտիվ թանգարանում Սարոյանը կընդունի իր հյուրերին, կշրջի ու կզրուցի նրանց հետ:

Մինչ այդ «Սարոյան Հաուսի» աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը:  Նրանք արդեն պարզել են, որ Պուլիցերյան մրցանակակրի գրական ժառանգության մի մասը գտնվում է Ստենֆորդի համալսարանում, մյուս մասը «Սարոյան» հիմնադրամին է պատկանում, որոշ մասն էլ հարազատների ու ընկերների մոտ է: Ներկայում աշխատանքներ են տարվում այս ամենը ամբողջացնելու և մեկ վայրում հավաքելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքին հետևում ու օժանդակում է «Սարոյան Հաուս» խորհուրդը, որի անդամները աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայտնի սարոյանագետներ են: