Հայաստանն ունի ԱՊՀ-ում վատթարագույն արտաքին առեւտրի հաշվեկշիռը։ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն 2010 թ. հունվար-հուլիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման, կազմել է 1,5 մլրդ դոլար։ Դրանից ավելի մեծ բացասական սալդո ունեն միայն Բելառուսը՝ 4,2 մլրդ դոլար եւ Ուկրաինան՝ 3,4 մլրդ դոլար։ Սակայն այդ երկրների արտաքին առեւտրաշրջանառությունները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությանը, ուստի բացասական սալդոյի կշիռը տնտեսությունում մեծ չէ։

Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանն ունեն արտաքին առեւտրի դրական սալդո։ Ընդ որում՝ Ռուսաստանի դրական հաշվեկշիռը՝ 105 մլրդ դոլար, ռեկորդային է այդ երկրի պատմության ընթացքում եւ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 62 տոկոսով։ Դրան մեծապես նպաստել է նավթի գների աճը։ Ադրբեջանն ունի 8,5 մլրդ դոլարի դրական սալդո՝ նախորդ տարվա 3,8 մլրդ դոլարի համեմատ։