ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետ կապի մեջ են։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի գրասենյակից։

Պոպովի գրասենյակից այլ տեղեկություն չհաղորդեցին՝ նշելով, որ միջնորդը բացակայում է։

Ավելի NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ. «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, որոնց անունները հայտնի են: Զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: