Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին վախեցրել է լուրը, թե վրացական իշխանությունները հանել են վիզային ռեժիմը Հյուսիսային Կովկասի ՌԴ քաղաքացիների համար:
«Դա կարող է Վրաստանն ահաբեկիչների ասպարեզ դարձնել»,- «Ասավալի-դասավալի» թերթին ասել է Շեւարդնաձեն:
Շեւարդնաձեն նշել է, որ «այժմ Վրաստանի սահմանը բաց է, եւ անվտանգության ապահովման պայմաններ չկան»:
«Ինձ անհանգստացրել, ավելի ճիշտ, վախեցրել է այդ որոշումը, քանի որ կարող է վատ ազդել Վրաստանի վրա: Բարդ է իմանալ, թե ով է գալիս այստեղ՝ կարգապահ քաղաքացի՞, թե` ահաբեկիչ»,- ընդգծել է նա:
Նախկին նախագահը նշել է, որ իշխանությունների որոշումը կարող է փչացնել Վրաստանի հարաբերությունները հյուսիսկովկասցիների հետ: «Դուք չգիտեմ ոնց, բայց ես վախենում եմ»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 11-ին Միխայիլ Սահակաշվիլին հրահանգ է ստորագրել Հյուսիսային Կովկասում ապրող ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու մասին: Այն տարածվում է Դաղստանի, Կարաչեւո-Չերքեզիայի, Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո-Բալկարիայի եւ Ադիգեյի վրա, որոնց բնակիչները կարող են 90 օրվա ընթացքում շրջել Վրաստանում առանց վիզայի:





























