Հայաստանի հետ սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է այն քաղաքականությունը, որի նպատակը տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը չէ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով դա մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ «Միջազգային համայնքը պետք է խստագույնս դատապարտի այդ գործողությունը, որի համար ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրում»,- շեշտել է Շարմազանովը՝ հավելելով, որ նույնքան խիստ գնահատական է ակնկալում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը։

Ադրբեջանական կողմն ունի յոթ զոհ։ Մեկ զինծառայողի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում։