Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները դեկտեմբերի 29-ին արթնացել են առավոտյան ժամը 6-ին՝ հակառակորդի կրակոցներից: Թեև գյուղի ուղղությամբ չեն կրակել, սակայն բնակիչները հասկացել են, որ դրանք սովորական կրակոցներ չեն: Մի քանի ժամից պետք է իմանային, որ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հարձակվել հայ դիրքապահների վրա, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, հակառակորդը հետ է շպրտվել՝ կրկնակի զոհերով:

Չինարի այցելած NEWS.am-ի թղթակցին չինարեցիները ասել են, որ երախտապարտ են հայ զինվորներին՝ իրենց անվտանգությունը կյանքի գնով պաշտպանելու համար: Գյուղի տոնածառն արդեն զարդարված է. գյուղի բնակիչները պատրաստվում են Ամանորին՝ վստահ լինելով, որ սահմանն ապահով է, թեև ասում են, որ տոնական տրամադրությունը լիարժեք չի լինելու. ամբողջ գյուղը սգում է զոհված զինծառայողների մահը:

Չինարեցիների համար ադրբեջանական այս սադրանքն անսպասելի չէր. ամեն տարի հակառակորդն ակտիվանում է Ամանորին, ցանքի և բերքահավաքի սեզոններին: Չինարեցիները գիտեն նաև՝ ինչպես պաշտպանվել, երբ կրակում են գյուղի ուղղությամբ: Նրանք նաև ասում են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են անձամբ պաշտպանել սահմանը: Վերջին դիվերսիայից հետո էլ գյուղի տղամարդիկ ցանկություն են հայտնել դիրքեր մեկնել, սակայն նրանց թույլ չեն տվել. վստահեցրել են, որ հայկական կողմը լիարժեք վերահսկում է իրավիճակը: