Ադրբեջանցի դեռահաս Մամեդը, ով Մոսկվայում սպանել է հայ աշակերտ Էդուարդ Մարկարյանին, շրջում է ազատության մեջ եւ անգամ դպրոց այցելում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Էդիկի մայրը՝ Աննա Սեմյոնովնան:
Նա նշել է, որ Էդիկի մահվան փաստով, իհարկե, քրեական գործ է հարուցվել, բայց մարդասպան Մամեդին մեղադրանք չի ներկայացվել, քանի որ քննությունը սպասում է մահացած դեռահասի մարմնի փորձաքննության արդյունքներին:
«Նախնական դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Էդիկը հիվանդ էր եւ մահացել է վախից, կարծես թե նա պարկած էր անկողնում եւ վախեցել է, կամ զբոսնում էր փողոցում եւ նրա վրա շուն է հարձակվել: Ոչ, ամեն ինչ ակնհայտ է. եղել է ծեծկռտուք, նրան ծեծել են եւ երեխան մահացել է հարվածներից: Ուղղակի, երբ ամեն ինչ վաճառվում է, մենք ստանում ենք փորձաքննության այսպիսի եզրակացություն»,- նշել է մահացած անչափահասի մայրը:
Նա հայտնել է, որ որդու մարմինը ուղարկվել է քաղաքային փորձաքննության հենց իր նախաձեռնությամբ, քանի որ նախնական դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը վստահություն չի ներշնչում:
«Հիմա մենք սպասում ենք քաղաքային փորձաքննության արդյունքներին, որոնք, ամենայն հավանականությամբ պատրաստ կլինեն նոյեմբերի 20-ին: Հենց այդ փորձաքննության արդյունքներից է կախված լինելու գործի հետագա ընթացքը` թե որ հոդվածով մեղադրանք կառաջադրվի մարդասպանին, կամ էլ գործն ընդհանրապես կփակվի: Բայց ես, իհարկե, չեմ հաշտվի վերջին տարբերակի հետ: Ես կպայքարեմ մինչեւ վերջ: Եթե քաղաքային փորձաքննության եզրակացությունը համընկնի նախնական փորձաքննության արդյունքների հետ, ես կպնդեմ, որ դաշնային փորձաքննություն կատարվի»,- հայտարարել է Աննա Սեմյոնովնան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի քննչական ծառայությունները քնրեական գործ են հարուցել 11-րդ դասարանի աշակերտ Էդվարդ Մարկարյանի սպանության փաստի առնչությամբ: «Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվարդ Մարկարյանի դիակի հայտնաբերման առթիվ քրեական գործ է հարուցվել քրերական օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը` որը հանգեցրել է մահվան)»,- հայտնել է Մոսկվայի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոն: Այդ հոդվածով նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Էդուարդ Մարկարյանը սպանվել էր սեպտեմբերի 7-ին ադրբեջանցի 9-րդ դասարանցի ոմն Մամեդի կողմից՝ 501 դպրոցի բակում: Նրանց միջեւ վեճն սկսվել էր դեռ առավոտյան, եւ նրանք որոշել էին այն շարունակել դասերից հետո: Կռվի ընթացքում ըմբշամարտով պարապած Մամեդը Էդիկին դիպուկ հարվածներ էր հասցրել, որոնք վայրկենական մահ էին առաջացրել: Ականատեսների վկայությամբ, Մամեդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Էդիկի մայրն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Մամեդն իր ընկերներին հահանգել է կռիվը նկարել բջջային հեռախոսով: Հեռախոսը ներկայումս գտնվում է իրավապահների մոտ` որպես իրեղեն ապացույց: Մինչեւ բժիշկների ժամանելն Էդիկն արդեն մահացած է եղել:




























