Զարկերակային բարձր ճնշումը, որը հանգեցնում է սիրտ-անոթային բազմաթիվ հիվանդությունների, պետք է բուժել անընդհատ դեղորայք ընդունելով, մինչդեռ շատ հիվանդներ, որոշ ժամանակ օգտագործելով բժշկի կողմից նշանակած դեղամիջոցները, միառժամանակ անց դադարեցնում են դրանց ընդունումը, ինչը շատ սխալ է։ Նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Երեւան քաղաքի գլխավոր նյարդաբան, Ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլմիրա Գեւորգյանը։

Նրա խոսքով, էմոցիոնալ սթրեսները եւ կյանքում ունեցած անհաջողությունները, որոնք ի վերջո հանգեցնում են սիրտ-անոթային եւ նյարդային մի շարք հիվանդությունների, առավել հավանական են դառնում 30, իսկ առավել վտանգավոր՝ 40-50 տարեկանից հետո։ «Զարկերակային ճնշման, նյարդային եւ սիրտ-անոթային հիվանդությունները վերջին շրջանում առավել շատ նկատվում են հատկապես տղամարդկանց մոտ։ Հայաստանում այս հիվանդությունների սրման ամիսները ապրիլն ու մայիսն են»,- տեղեկացրեց նյարդաբանը։

Անդրադառնալով ձմեռային ժամանակի անցնելու եւ դրա՝ անձի նյարդային համակարգի վրա ունեցած հնարավոր հետեւանքների թեմային՝ Երեւան քաղաքի գլխավոր նյարդաբանը նկատեց. «Այս երեւույթը անձի վրա ոչ մի լուրջ ազդեցություն չի կարող ունենալ։ Մարդու ադապտացիոն մեխանիզմները շատ ուժեղ են նման բաներին դիմակայելու համար»։