Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն ներթափանցման փորձը Հայաստանի ինքնիշխանության խախտում է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։
Նրա խոսքով, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ գործող համաձայնագրերի համաձայն՝ Ռուսաստանն ունի պարտավորություն պաշտպանել Հայաստանին արտաքին սպառնալիքից, մասնավորապես, Ադրբեջանի կողմից։
Անդրադառնալով Բաքվի ձեռնարկած դիվերսիոն փորձին Ռուսաստանի արձագանքին, հաշվի առնելով հայ- ռուսական ռազմական խմբավորման ստեղծումը, Վլադիմիր Եվսեեւը նշեց․ «Իհարկե Ռուսաստանը կդատապարտի այդ սադրանքը։ Այդ բախումը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի գոտում չէ։ Եվ դա շատ մտահոգիչ է, քանի որ կա նաեւ Նախիջեւանի սահման, որտեղ նույնպես միանգամայն հնարավոր է սադրանք։ Ցավոք, նմանատիպ գործունեությունը չի դադարել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումներից եւ զորքերի հայ- ռուսական համատեղ խմբավորում ստեղծելու մասին որոշումից հետո»։ Դրան պատասխանը, շարունակեց ռազմական փորձագետը, պետք է լինի սահմանի ամբողջ երկայնքով՝ այդ թվում Նախիջյանի հատվածում պաշտպանության ուժեղացումը, հսկողության տեխնիկական միջոցներով լրացուցիչ սարքավորումը, որպեսզի հնարավոր լինի ժամանակին պարզել Ադրբեջանի կողմից դիվերսիայի հնարավոր փաստերը։ «Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանի ու Հայաստանի կողմից ձեռնարկված վերջին քայլերը նմանատիպ գործողություններից չեն ապահովագրում։ Դրա համար էլ սահմանի պաշտպանության լրացուցիչ միջոցներ են պետք։ Երկրորդ ՝ կարծում եմ , որ պետք է բարձրացնել սահմանի գոտում մշտական հսկողության հարցը ու հետաքննություն անցկացնել։ Չէ՞ որ ոչ ոք չի կարծում, թե հայերն իրենք են իրենց վրա հարձակվել։ Ինչ -որ մեկը հարձակվել է, չէ՞։ Դրան պետք է հաջորդի միջազգային համայնքի ինչ-որ արձագանք։ Այն պետությունը, որը մշտապես խախտում է սահմանը, զգում է անպատժելիությունը ու սադրում նման դեպքերի հետագա կրկնություն»,- հավելել է Վլադիմիր Եւսեեւը, շեշտելով, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանը պատասխան չի տվել միջազգային համայնքի առաջ։





























