Թուրքական իշխանությունների մեղքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի, ինչից հետո այժմ Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե հայ-թուրքական հարաբերությունները սառեցված չեն: Այդ մասին նոյեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, Թուրքիայի նախագահն ու վարչապետը պարբերաբար հայտարարում են, թե իբր տարվում է անձայն հանրային դիվանագիտություն եւ օրակարգում է «Ցյուրիխ 2» նախագիծը: Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն բազմիցս հերքել է այդ շշուկները, որ տարածվում են Թուրքիայի բարձրաստիճան անձանց կողմից:
«Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել «Հզոր Թուրքիա» կուսակցության նախաձեռնությունը, որը նրանք ներկայացնում են որպես հանրային դիվանագիտություն: Այդ կուսակցությունը Թուրքիայում քաղաքական եւ հասարակական աջակցություն եւ բնակչության մեջ վարկանիշ չունի: 2006թ. ընտրություններին «Հզոր Թուրքիան» ստացել է 509 քվե, այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչության թիվը 72 մլն է»,- նկատել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Թուրքիայի իշխանություններն են սադրել այդ կուսակցությանը նման պարզունակ քայլերի, որոնք քարոզչական համակարգի մաս են:
Մելքոնյանն ընդգծել է, թե «Հզոր Թուրքիան» այլընտրանք չէ կառավարող կուսակցությանը, քանի որ ունի նույն մոտեցումները Հայոց ցեղասպանության հարցում. «Բացի այդ, կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը հակասում է ինքն իրեն՝ հայտարարելով, թե դա հանրային դիվանագիտություն է, իսկ հետո նեղանում, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի ընդունում իրենց, որպես Թուրքիայի քաղաքական գործիչների»:
Ըստ Մելքոնյանի՝ այդ անձինք ունեին երկու ծրագիր՝ առավելագույն եւ նվազագույն: Առավելագույնով՝ թուրք գործիչները պետք է հանդիպեին Հայաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ասուլիս անեին, նվազագույնով՝ միայն ասուլիս անեին, ինչն էլ իրենց հաջողվեց:
«Աչքի է զարնում, որ «Հզոր Թուրքիայի» ղեկավարը թեյախմություն է սիրում, եւ մեծ ցանկություն ուներ թեյ խմել Հայաստանի ԱԳՆ-ում: Միգուցե նրան թվում է, թե Հայաստանի ԱԳՆ-ն թեյարա՞ն է»,- ասել է Մելքոնյանը:





























