Օրեր անց մենք կթեւակոխենք 2017 թվական. ինձ համար սպասելիքները եւ ծրագրերը հստակորեն ուրվագծված են: Այս մասին Աամոնորից առաջ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի տնտեսությունը կարիք ունի արմատական բարեփոխումների, քաղաքական հարաբերությունները՝ որակական նոր մակարդակի բարձրացման եւ կառուցողական վերադասավորումների, անվտանգության համակարգը՝ առավել հզորացման: Այս ամենին զուգահեռ՝ արդարության առավելագույնս հաստատումը վստահության ալիք կառաջացնի մեր հասարակության շրջանում:
Մի քանի ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց դերն ու նշանակությունը մեծապես տարբերվում են նախորդ ընտրություններից. մեզ սպասվում են նախագահականին հավասարազոր ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:
Կարեւոր է գիտակցել, որ յուրաքանչյուրիս քվեից է կախված մեր պետության հետագա ընթացքը: Յուրաքանչյուրիս քվեից է կախված՝ կզարգանա՞ տնտեսությունը, թե կշարունակի դոփել նույն տեղում, կվերականգնվի՞ արդարությունը, մեր հայրենակիցների ընտանքիները կմնա՞ն Հայրենիքում, թե կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ ի վերջո, հակառակորդը կգնա՞ ռազմական արկածախնդրության, թե կընտրի խաղաղ կարգավորման ճանապարհը:
Եկել է իրական գործողությունների, իրական արդյունքների եւ ձեռքբերումների ժամանակը: Պետք են նոր լուծումներ, նոր համարձակ քայլեր: Մենք հապաղելու ժամանակ եւ իրավունք չունենք: Հզոր եւ արարող ժողովուրդ լինելով՝ 10-միլիոնանոց համաշխարհային հայկական հանրությունը պետք է ունենա միասնական նպատակներ, եւ ողջ հայության համատեղ ուժերով զարգացնի Հայաստանն ու Արցախը»:





























