Շիրակի մարզում այսօր` դեկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի հուղարկավորությունը:

Ավագ լեյտենանտին հուղարկավորեցին զինվորական կարգով հայրենի Աշոցք համայնքում:

26-ամյա Շավարշ տան միակ որդին էր, ընտանիքի միակ կերակրողն էր: Նշենք, որ Շավարշի ավագ քրոջ նշանդրեքը երկու ամսով հետաձգվել էր, քանի որ Շավարշը պետք է աշխատավարձը հավաքեր: Քրոջ հարսանիքը նախատեսված էր փետրվարին:

Շավարշը ծառայության էր անցել 4 տարի առաջ:

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, սակայն հետ էր շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: